Գառնիի հեթանոսական տաճար
Հիմնադրվել է մ.թ.ա. 2166 թ., տաճարը՝ I դ.:
Գառնիի ամրոցն ու հնավայրը գտնվում է Կոտայքի մարզի համանուն գյուղում, Ազատ գետի աջ ափին։
Ըստ XIVդ. մի ձեռագրի, հիմնադրվել է մ.թ.ա. 2166թ.-ին։ Առաջին անգամ հիշատակում է Տակիտոսը՝ «Gornea» ձևով։ Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնիի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։
Ամրոցը կառուցվել է հավանաբար մ.թ.ա. IIդ.։ Մ.թ. Iդ. կեսերին այն ավերել են հռոմեական զորքերը։ Iդ. 70-ական թթ. Գառնին վերականգնել է Տրդատ Ա թագավորը, որի թողած հունարեն արձանագրությունում այն անվանված է «անառիկ ամրոց»։ Արտաշեսյան և Արշակունյաց թագավորների օրոք Գառնին եղել է նշանավոր ամրոց, զորակայան և ամառանոց, իսկ IVդ. եպիսկոպոսանիստ բնակավայր։ Ամրոցն ավերվել է արաբական նվաճումների ժամանակ, բայց ավանը պահպանել է իր գոյությունը և IXդ. 2-րդ կեսին աճել ու դարձել է գյուղաքաղաք։ Xդ. սկգբին, Աշոտ Բ Բագրատունի թագավորի օրոք, վերականգնվել է նաև ամրոցը։ X-XVդդ. Գառնին եղել է Հայաստանի առավել խոշոր և նշանավոր գյուղաքաղաքներից մեկը։