Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Քրիստոնեություն

     Քրիստոնեությունը Հայաստան է մուտք գործել I դարում՝ Հիսուս Քրիստոսի առաքյալներ Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի քարոզչությամբ, որոնք Հայ առաքելական եկեղեցու կողմից հետագայում հռչակվեցին Հայոց առաջին լուսավորիչներ։ Այս ժամանակաշրջանում Հայաստանում լայնորեն տարածված էր հեթանոսությունը, որի վառ ջատագովներն էին նաև հայ թագավորները: Այս ժամանակաշրջանը բնութագրվում է հունական ոճի բազմաթիվ տաճարների առկայությամբ, որոնց վառ  օրինակ է հունական ոճի տաճարը Գառնի գյուղում, որը 1960-ականներին վերականգնվել է և մինչ այժմ կանգուն է:
     Հայ պատմագրության համաձայն, երբ Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ վերադառնում է Հայաստան վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին զոհեր է մատուցում Անահիտ հեթանոսական աստվածուհու մեհյանին: Իր զինակիցներից Գրիգորը, քրիստոնյա լինելով, հրաժարվում է զոհ մատուցել: Այդ ժամանակ Տրդատին հայտնի է դառնում նաև, որ նա իր հոր` Խոսրով Բ-ին սպանող Անակ իշխանի որդին է: Տրդատը հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը՝ Խոր Վիրապ: 
     Ազգային ավանդությունը Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակումը սերտորեն կապում է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի նահատակության հետ: Նրանք հռոմեացի կույսեր էին, ովքեր փախչելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից գալիս են Արևելք, երկրպագում Փրկչին և  հաստատվում Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ: Տրդատը, հմայված Հռիփսիմե կույսի գեղեցկությունից, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն մերժվելով հրամայում է բոլոր կույսերին նահատակել: Կույսերի և հատկապես Հռիփսիմեի նահատակությունը այնքան հզոր ցնցումներ է պատճառում Տրդատին, որ հոգեկան ծանր հիվանդություն է ստանում:
     Թագավորի քույր Խոսրովիդուխտը մի քանի անգամ երազ է տեսնում, թե Տրդատին կարող է բուժել միայն բանտարկված Գրիգորը: Վերջինն, ազատվելով բանտարկությունից, նախ ամփոփում է նահատակ կույսերի աճյունները, ապա 66 օր քրիստոնեություն քարոզում ու բժշկում Տրդատ թագավորին: Թագավորը և ողջ արքունիքը քրիստոնյա են դառնում և 301 թվականին քրիստոնեությունը հռչակվում է որպես պետական կրոն:
     Հայ Եկեղեցու առաջին հայրապետը՝ Ս. Գրիգոր Լուսավորիչը հանձն է առնում Մայր Տաճարի կառուցումը: Գիշերային մենության մեջ, մտորումներով տարված Լուսավորիչը մի հիասքանչ տեսիլք է ունենում. Աստծու Միածին Որդին իջնում է երկնքից և ոսկե մուրճով հարվածում գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է կառուցվի Էջմիածնի Սուրբ Տաճարը։
     Ս. Գրիգոր Լուսավորիչն ու Ս. Տրդատ թագավորի ընտանիքը ժողովրդին առաջնորդում են Միածնի իջման վայրը և կառուցում Մայր Տաճարը։ 
     Ներկայումս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջական միություն է, որի բարձրագույն հոգևոր պետը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է: Կաթողիկոսական նստավայրը  Սուրբ Էջմիածինն է: Հայ Եկեղեցին ունի նվիրապետական չորս աթոռներ կամ կենտրոններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն,  Երուսաղեմի  Հայոց Պատրիարքություն, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կաթողիկոսությունը, որը հայտնի է որպես Ամենայն Հայոց Կաթողիկոսություն, գլուխն ու ղեկավարն է ընդհանուր նվիրապետության: Մյուս երեք աթոռների նկատմամբ այն նախամեծար է ու նախաթոռ: 
     Հայաստանում գոյություն ունեն նաև փոքր կաթոլիկ և բողոքական համայնքներ, այդ թվում՝ ռուսական ուղղափառ համայնք: