Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Հայկական խոհանոց

       Հայկական խոհանոցը երկրի գլխավոր գրավչություններից մեկն է: Լինելով աշխարհում ամենահին խոհանոցներից մեկը` այսօր հայկական խոհանոցը դեռևս պահպանում է իր դարավոր ավանդույթները և համարվում է ամբողջ աշխարհում առավել տարբերակիչ խոհարարական ավանդույթներ ունեցողը:
   Հայկական խոհանոցը մի քանի բառերով կարելի է բնութագրել որպես բազմատեսակ խոտաբույսերի ընտրանի, պանրի և մսամթերքի տեսականի, տարբեր տեսակի բանջարեղեններ, և իհարկե, հայկական սեղանից անպակաս՝ լավաշը: Դարերից ի վեր այստեղ օգտագործում են մածուն և վերջինիս ջրով բացված տարբերակը՝ թան, բոլոր տեսակի թթու և աղի բանջարեղեններ և կանաչեղեն, ոլորված պանիր՝ չեչիլ, փափուկ պանիր՝ ժաժիկ, խոտաբույսերով և կանաչ սխտորով, տարբեր տեսակի աղցաններ՝ ընդեղենով, մսով, խոտաբույսերով:
 Հայկական ազգային կերակրատեսակների առանձնահատկություններից մեկն էլ դրանց բարձր համեմվածությունն է և կծվությունը։ Որպես համեմունք գործածում են տաքդեղսխտորքեմոն և զանազան համեմունքային կանաչիներ:
     Հատուկ հարգանք են վայելում հայկական խոհանոցում մսային ուտեստները՝ մսի խոշոր կտորներից պատրաստվող խորովածը, հատուկ ձևով կտրատված և խաշած մսի գնդիկները՝ քյուֆթան, հանրահայտ տոլման և վերջինիս ոչ մսային տարբերակը՝ պասուց տոլման, հավի մսից և ձավարից պատրաստված շիլայանման հարիսան, գառան խաշած միսը՝ ոլոռով և համեմունքներով, բաստուրման, տապակած հավը սմբուկով և մածունով, մսային սուջուխը, գառան մսից կճուճը, փլավների տարբեր տեսականին՝ նռով, ապխտած ձկով կամ չրով: Ամենատարածված հայկական ճաշատեսակներից է Սևանի իշխանի խորովածը, ինչպես նաև  ձկան կճուճը և իշխանը գինիով:
     Սեղանին կարևոր տեղ է զբաղեցնում ապուրների լայն տեսականին. տավարի պոչից ապուրը, մածունից ապուրը՝ սպասը, հավի ապուրը՝ թարխանան, բրնձով ապուրը սոխով՝ չուլումբուր, սնկապուրը բրնձով, անուշապուրը, մրգային ապուրները, չրապուրները և այլն: Ապուրները սովորաբար մատուցվում են խաշած մսով, կանաչեղենով և անփոխարինելի լավաշով:
    Հայկական խոհանոցը առանց լավաշի պարզապես գոյություն չունի: Այս բարակ, խիտ հացատեսակը դեռևս թխում են հնագույն տեխնոլոգիայով՝ կավե ջեռոցներում՝ թոնիրներում: Բացի դրանից, սեղանին միշտ առկա է օվալային կամ կլոր ձև ունեցող մատնաքաշը և պանրով փոքր բուտերբրոդները:

     Երկրի ազգային խմիչքը կոնյակն է: Թեպետ կոնյակի արտադրությունը Հայաստանում ունի  ընդամենը 100 տարվա պատմություն, այնուամենայնիվ, այս կարճ ժամանակահատվածում երկիրը ձեռք է բերել իր գործունեությանն արժանի համբավ՝ որպես այս ըմպելիքի լավագույն արտադրողներից մեկը: Հայկական կոնյակը պատրաստվում է ընտրված խաղողի տեսակներից՝ Գառանդմակ, Ոսկեհատ, Չիլար և այլն, որոնք աճեցվում են Արարատյան դաշտավայրում, որտեղ հրաբխային ծագման հողը հիանալի կերպով համապատասխանում է կոնյակի պատրաստման համար անհրաժեշտ խաղողի աճեցմանը: Այսօր Երևանի Կոնյակի գործարանը, որը մտնում է միջազգային «Պեռնո Ռիկար» տրեստի մեջ, արտադրում է այնպիսի հայտնի կոնյակի տեսակներ, ինչպիսիք են Անին՝ 6 տարվա, Ախթամարը, Հայաստանը, Դվինը՝ 10 տարվա, Տոնականը՝ 15 տարվա, Վասպուրականը՝ 18 տարվա և Նաիրին՝ 20 տարվա հնեցմամբ, ինչպես նաև տասնյակ էքսկլյուզիվ տեսակներ, որոնք արտահանվում են աշխարհի տարբեր երկրներ:
  Հայկական թթի օղին, որն արտադրվում է ինչպես արդյունաբերական, այնպես էլ արհեստագործական (գրեթե յուրաքանչյուր բակում) նպատակներով, ունի և՛ հիանալի համ, և՛ բուժիչ նշանակություն:
      Ոչ ալկոհոլային խմիչքներից առավել հայտնի են թարխունը, տարբեր տեսակի հանքային ջրերը (Ջերմուկ, Արզնի, Բջնի և այլն) և մրգային հյութերը: Սուրճը և թեյը անբաժան են հայկական խմիչքներից և հասանելի են երկրի յուրաքանչյուր անկյունում: