Տեղեր (Դղեր) վանքային համալիր
Տեղերի (Դղերի) վանքային համալիրը (XIIIդ.) գտնվում է Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում: Համալիրի կազմում են գմբեթավոր եկեղեցին և գավիթը։
Տեղերի վանքի մասին պատմիչները չեն հիշատակում։ Համաձայն գավիթի մուտքի ճակատակալ քարի արձանագրության՝ կառուցել է իշխան Վաչե Վաչուտյանի կինը՝ Մամախաթունը, ճարտարապետն է եղել Աղբայրիկ վարդապետը։ Համալիրը կառուցված է ոչ մեծ բլրի վրա, մուգ մոխրագույն բազալտից (1213-1232թթ.), առանձնանում է իր խիստ ձևերով և դեկորատիվ հարդարանքի գրեթե իսպառ բացակայությամբ։ Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը (ըստ սյուներից մեկի վրա պահպանված արձանագրության շինարարությունը տևել է 11 տարի և ավարտվել 1232թ.-ին)։ Այն իր չափերով գերազանցում է եկեղեցուն։ Սկզբունքային նորություն և բացառիկ երևույթ են գավիթի ծածկի վրա հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան անկյուններում առկա գմբեթավոր մատուռները (մուտքերը բացվում են գավիթի ծածկի վրա), որոնք խիստ յուրօրինակ ուրվագիծ են հաղորդում կառույցին։ Երկրորդ հարկի այդ մատուռներն անմիջականորեն առնչվում են գավթում թաղված ննջեցյալների հիշատակի հավերժացման հետ և զուգահեռներ ունեն այդ դարաշրջանում զգալի տարածում գտած երկհարկ դամբարան-եկեղեցիների ընդհանուր հորինվածքի հետ։