Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Տեսարժան վայրեր

Սաղմոսավանք

    Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում, Քասաղ գետի գեղատեսիլ կիրճի եզրին է կանգնած Սաղմոսավանքը։ Նրա ներդաշնակ ուրվագիծը հստակորեն առանձնանում է Արագածի փեշերի ֆոնին:
    Վանքի գլխավոր` Ս. Սիոն եկեղեցին պատկանում է խաչաձև գմբեթային, բոլոր անկյուններում երկհարկ ավանդատներով կառույցների տիպին: Այն կառուցել է Վաչե Վաչուտյան իշխանը 1215թ.-ին: Սաղմոսավանքի գավիթը կառուցվել է XIIIդ. երկրորդ քառորդում: Շքամուտքերից առավել ճոխ հարդարանքն ունի արևմտյանը:
     1255թ.-ին Քուրդ Վաչուտյան իշխանի կառուցած գրատունը պատկանում է, իր հորինվածքով յուրօրինակ և նշանակությամբ հազվադեպ, հայկական կառույցների թվին: Նրա արևելյան մասում գտնվում է խորանը, իսկ հարավ-արևելյան անկյունում` երկհարկ ավանդատունը, ինչը բացառիկ երևույթ է նման նշանակության կառույցներում: Գրատնից երկու մուտք է բացվում` դեպի գավիթ և Աստվածածին եկեղեցին (1235թ.), ընդ որում, այդ եկեղեցի կարելի է մտնել միայն գրատնից: Ենթադրվում է, որ այդ կառույցը նախատեսված է եղել նաև եկեղեցական թանկարժեք սպասքի պահպանման համար: Պատի վրա պատկերված է ծագող արևի և ճառագայթների հարթաքանդակը, իսկ նրան կից կամարի վրա` հրեշտակը և իշխանական զինանշանը. գառանը մագիլող թևատարած արծիվը: Ճարտարապետը օգտագործել է նաև գունային ձևավորում: Որոշ մասերը կարմիր և սև քարերով շարվելուց բացի, ներկվել են նաև սպիտակ, դեղին և կարմիր ներկերով, ինչը շինությանը հաղորդել է շքեղություն:

Կցված տուրեր