Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Տեսարժան վայրեր

Լոռի Բերդ

      Լոռի կամ Լոռե բերդը գտնվում է Ստեփանավանից մոտ 5 կմ հյուսիս-արևելք, Ձորագետի ձախ ափին: Հիմնադրել է Դավիթ Անհողինը, հավանաբար՝ 1005-20-ին:
   1065-ին, Շամշուլդե քաղաքը վրաց Բագրատ Դ թագավորին զիջելուց հետո, Կյուրիկե Ա-ն (1049-89) Լոռին դարձրեց Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք: Գտնվելով հյուսիսային առևտրական ճանապարհի վրա՝ Լոռին   եղել   է   առևտրաարհեստագործական խոշոր կենտրոն միջնադարյան Հայաստանում. առևտրական ճանապարհներով կապված էր Անիի, Դվինի, Դմանիսի, Տփղիսի և ուրիշ քաղաքների հետ: XI - XIII դդ. ունեցել է շուրջ 10 հզ. բնակիչ: Քաղաքի առաջին պարսպի մեջ պարփակված տարածությունը (մոտ 9 հա) միջնաբերդի դեր է կատարել:
   1105-ին Լոռին կարճ ժամանակով գրավեցին սելջուկները, 1118-ին՝ վրացական զորքերը, այն իր շրջակա հողերով դարձավ վրաց Օրբելիների կալվածքը: 1185-ին անցավ Սարգիս Զաքարյանին, իսկ նրա մահից հետո՝ որդիներին՝ Իվանե և Զաքարե Զաքարյաններին: 1236-ի հունիսին մոնղոլական բանակը Չաղատա Նուինի գլխավորությամբ գրավեց և հիմնահատակ ավերեց քաղաքը, կողոպտեց Շահնշահ Զաքարյանի գանձերը, ավերեց Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ-դամբարանը: 1430-ին Լոռիին տիրում էին հայ Օրբելյանները: 1562-1734-ին Լոռին, որպես ռազմական կարևոր ամրոց, անցել է մե՛րթ թուրքերին, մե՛րթ պարսիկներին, երբեմն՝ վրացիներին: XVIII դ. վերջին Lոռին կորցրեց բերդի նշանակությունը, դարձավ սովորական ամրոց, ուր բնակություն հաստատեցին տարբեր վայրերից տեղահանված գաղթականներ, և հենց միջնաբերդում առաջացավ համանուն գյուղը, որը 1926-30-ին ամայացավ (այժմ Լոռիից մոտ 2 կմ հեռավորության վրա տարածված է Լոռի բերդ գյուղը):

Կցված տուրեր