Մայր աթոռ Ս. Էջմիածին
Ըստ ավանդության` Գրիգոր Լուսավորիչը, քարոզելով քրիստոնեությունը Հայաստանում, մի օր երազ է տեսնում. Հիսուս Քրիստոսը, ոսկյա մուրճը ձեռքին, իջնում է երկնքից և հարվածում է այնտեղ, որտեղ գտնվում էր հեթանոս տաճարը: Առավոտյան Լուսավորիչը պատմում է իր երազը Տրդատ թագավորին, վերջինս էլ կանգնեցնում է այդ տեղում տաճարը, որը անվանում է «Էջմիածին» (իջավ միածինը):
Էջմիածնի Մայր տաճարը, Ագաթանգեղոսի (Vդ.) վկայությամբ կառուցվել է արքունի ապարանքների մոտ, Տրդատ Գ-ի (298-330թթ.) և Գրիգոր Լուսավորչի օրոք՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին (301-303թթ.)։ Այն վաղ միջնադարի ճարտարապետական ամենանշանակալից կառույցներից է։ Այժմյան կառույցի տակ հայտնաբերվել են IVդ. շինության մնացորդներ, գմբեթակիր մույթերի խարիսխների տակ՝ ավելի վաղ շրջանի խարիսխներ, սալահատակի մնացորդներ, հիմքեր, իսկ ավագ խորանի ներսում՝ հնագույն աբսիդի մի քանի շար, կենտրոնում՝ ատրուշան։ Տաճարի սկզբնական տեսքի վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ: Կառուցումից մոտ 80 տարի անց, Հայաստանում Պարսից Շապուհ II թագավորի կատարած ավերածություններից տաճարը մեծապես վնասվել է։ Ներսես Ա Մեծ (353-373թթ.) և Սահակ Ա Պարթև (387-436թթ.) կաթողիկոսների օրոք կատարվել է երկու վերանորոգում։ Այժմ գոյություն ունեցող խաչաձև և կենտրոնակազմ հորինվածքով տաճարը Վահան Մամիկոնյանի 483թ.-ին կառուցածն է (բացառյալ գմբեթը)։ Այժմյան գմբեթը հավանաբար XVIIդ. վերակառուցման արգասիք է։
«էջմիածնատիպ» կառույցները VIII-IXդդ. տարածվեցին Եվրոպայում, երբ Պավլիկյանների շարժումը հատկապես Արևմտյան Հայաստանում հալածվում էր բյուզանդական կայսրերի կողմից (Լևոն III-ից մինչև Թեոդորա կայսրուհին)։ Պատկերամարտությունը սկիզբ դրեց պավլիկյանների զանգվածային գաղթին Բալկաններ, Կիևյան Ռուսիա, Արևմտյան Եվրոպա, մինչև Ֆրանսիա, Իսպանիա։ Այդ շրջանում Ֆրանկների պետությունը ապրեց մշակութային վերածնունդ, ստեղծվեցին կառոլինգյան արվեստի նշանակալից գործերը. կառուցվեց հայ ճարտարապետությունից և բյուզանդական զարդարվեստից ներշնչված Աախենի պալատական մատուռը՝ Սեն Շապելը (ավարտվել է 806թ.-ին), նրա նմանությամբ՝ Քյոլնի Ս. Գեդեոնը (ավերվել է 1940թ.-ին), Ֆուլդայի Ս. Միքայելը (787թ., խիստ վնասվել է 1945թ.-ին) և Ժերմինյի-Դե-Պրեն, որը կրած վերափոխություններով հանդերձ (հատկապես 1869թ.-ի), մնում է Կառլոս Մեծի շրջանից անաղարտ պահպանված գրեթե միակ եկեղեցին։ Էջմիածին-Բագարան տիպին են պատկանում նաև Սեն-Ֆիլիբեր դը Գրանլյո եկեղեցին (836թ., Լուար-Ատլանտիկ, Ֆրանսիա), Սեն-Բազիլ դղյակային մատուռը (IXդ., Բրուժ, Բելգիա) և Միլանի Սան Սատիրոն (859թ.)։