Visit Armenia

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Տեսարժան վայրեր

Զվարթնոցի տաճար

     Զվարթնոցի կամ Վաղարշապատի միջնադարյան Ս. Գրիգորի տաճարը գտնվում էր Արարատյան դաշտում, Վաղարշապատից 3կմ դեպի հարավ։ Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության, կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը և նրա գահակալության տարիներից էլ՝ 641-661թթ., արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։ Ըստ Մովսես Կաղանկատվացու, Զվարթնոցը օծվել է 652թ.-ին։
      Զվարթնոցը կանգուն է եղել մինչև Xդ. վերջը։ XXդ. սկզբին ավերակ Զվարթնոցը տակավին ծածկված էր հողի հաստ շերտով։ Ըստ պեղված նյութերի, նախքան Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-Vդդ. կառույցներ։ Հնագույնը՝ 0,63մ × 2,7մ չափերի կոթողն է (գտնվում է Ջվարթնոցի թանգարանում) Ռուսա II ուրարտական արքայի սեպագիր արձանագրությամբ՝ շինարարական աշխատանքների, այգիներ տնկելու, ջրանցք կառուցելու և աստվածներին զոհաբերություններ մատուցելու վերաբերյալ։ Ենթադրաբար Զվարթնոցի տարածքում է եղել Տիր աստծո մեհյանը։ Պեղումները հայտաբերել են տաճարը, նրանից հարավ-արևմուտք՝ կաթողիկոսական պալատը՝ օժանդակ շինություններով (բաղնիք, խուցեր և այլն), տարբեր իրեր, գերեզմաններ, նաև եկեղեցու ավերակներ, պալատից ոչ հեռու, հարավ-արևելյան մասում՝ խաղողի քարաշեն հնձան և այլն։ Տեղանքի ցածրիկ, շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով (բացի հարավ-արևմտյան մասից, ուր պալատն է)` կազմելով սալահատակ պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։

Կցված տուրեր