Դադիվանք (Խութավանք)
Հիմնադրվել է I դարում:
Դադիվանքը (Խութավանք) եղել է Արցախ նահանգի Խաչեն գավառի կրոնական ու մշակութային կենտրոնը։ Գտնվում է Արցախի Շահումյանի շրջանում` Թարթառ (Տրտու) գետի ձախ ափին, անտառապատ լեռան լանջին։ Հիմնադրվել է մ.թ. Iդ., քրիստոնեական քարոզչության համար նահատակված Դադիի գերեզմանի տեղում։ V դարից հիշատակվում է որպես եպիսկոպոսանիստ։ Ավերվել է արաբական արշավանքների ընթացքում։ XIIդ. սելջուկների ասպատակումների ժամանակ ամրոցի դեր է կատարել։ Այդտեղ էր Առանշահիկ-Վախթանգյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Համալիրի ներկայիս պահպանված շենքերը պատկանում են XII-XIIIդդ.։
Կաթողիկեն կառուցել է Վախթանգի կինը` Արզուխաթունը, 1214թ.-ին։ Ուղղանկյուն հատակագծով, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, ներսը որմնանկարազարդ (որ այժմ զգալիորեն վնասված է) շենք է։ Հարավային և արևելյան պատերին, կենտրոնական լուսամուտներից վեր, քանդակված են կտիտորները եկեղեցու մանրակերտի հետ։ Արևմուտքից երկհարկանի զանգակատունն է, սյունասրահը։ Զանգակատան խորշում են վանքի առաջնորդ Աթանասի` 1283թ.-ին կանգնեցրած երկու բարձրարվեստ խաչքարերը։